Հետաքրքիր է, եթե Ղարաբաղը չլիներ, անցած 35 տարում ինչի՞ մասին պիտի ստեր խոսեին նախընտրական ժամանակներում:
Ոչ մի լուրջ հարց չի քննարկվում: Այնքան Ղարաբաղը շահարկվեց, որ այն կորցրեցինք:
Բայց ամենամեծ զավեշտը այն է, որ Հայաստանը փաստացի Ղարաբաղի վիճակում է, և դա նոր չէ:
Պետությունը չունի ոչ մի սեփականություն, հող, արդյունաբերություն, ընդերք, գյուղատնտեսություն, ոչինչ:
2021-ին Նիկոլը խոստացավ պղնձի վերամշակման գործարան հիմնել: Ասում էր՝ 21-րդ դարի ամենաթանկ բանը պղինձն է:
Ու՞ր է այդ գործարանը:
Եթե հանքերը պետականացվեին, եթե գեթ մեկ պղնձի վերամշակման գործարան ունենայինք, թոշակները ոչ թե 10, այլ ամենաքիչը 100 հազար դրամով կարող էին ավելացվել:
Ասֆալտն ու դպրոցաշինությունը ոչ թե պարտքով, այլ պետության միջոցներով կանեինք:
Բժշկական ապահովագրությունը ոչ թե կլիներ նախընտրական, այլ մշտական կայացած համակարգ:
Մարտունակ բանակ կունենայինք, ռազմարդյունաբերություն:
Միջազգային կշիռ ու հարգանք կունենայինք, ոչ թե այսօրվա ամոթալի վիճակը:
2021 թվականին, Նոյեմբերի 9-ից հետո, արագ-արագ համայնքները խոշորացվեցին, որպեսզի գյուղ ու գյուղացի, համագյուղացի հասկացողությունն էլ կորի, որպեսզի հայրենիքի հասկացողությունն էլ սերունդների միջից ջնջվի:
Էս հարցերի մասին ո՞վ է խոսում կամ ո՞վ է դրանց լրջությունը հասկանում:
Կա՛մ սելֆի անելու հերթեր են, անհոդաբաշխ բղավոց, կա՛մ մանր-մունր կենցաղային հարցեր: Կարծես, ոչ թե համապետական, այլ գեղական ընտրություններ են: Չնայած, գեղական ընտրությունները վերացվեցին, գեղերում պատասխանատու մարմին չկա:
Ընդ որում, ո՛չ ընտրողներն են լուրջ հարցեր տալիս, ո՛չ քաղաքական ուժերը:
Ղարաբաղ, 10 հազար դրամ թոշակ ու ասֆալտ՝ ուրիշ ոչ մի հարց: Հայաստանն է ոտքներիս տակից գնում, սա լրջորեն մշակված ծրագիր է, ով չի հասկանում, շուտով կզգա, առանց հասկանալու կզգա:
Հայաստանցի-ղարաբաղցի ձեզ խաղացրեցին, Ղարաբաղը չկա: Շուտով էրևանցի-գեղացի, քուչա-քուչա են ձեզ բաժանելու, իրար դեմ հանելու, այլ կերպ լինել չի կարող: Սկզբից երկու անուղեղ ախպերներ են կռվում, հետո նրանց միանում են երեխեքն ու կնանիք: Հետո հայրական տունն են բաժան-բաժան անում, մինչև կողքից թամաշ անողը գալիս, բոլորին վռնդում է դուրս ու տիրանում ամեն ինչին...
Ամենապարզ, կենցաղային օրինակով եմ բացատրում, բարդ ձևերով չի ընկալվում:
Անհասկացողներին ցանկանում եմ, որպեսզի Նիկոլը վերընտրվի, դա ամենաարդար պատիժն է:
Թվում էր, թե իջնելու տեղ չկա, բայց իջնում ու իջնում ենք:
Արա Արայան